Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Տիգրան Բալայան. Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները

Տիգրան Բալայան. Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները
04.05.2017 | 23:15

Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ, ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երևանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը: Այսօր ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Ինչպես հունվարին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ այսօր ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաև այլ մասնակից երկրների կողմից:


ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով, անդրադարձ է կատարել այն բոլոր քայլերին, որոնք Հայաստանը ԵԱՀԿ նախորդ՝ գերմանական և ներկայիս՝ ավստրիական նախագահությունների հետ միասին իրականացրել է երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նպատակով: Հայկական կողմը նաև ներկայացրել է գրասենյակի փակմանն ուղղված Ադրբեջանի նպատակաուղղված գործողությունները, որոնք գնալով ավելի լայն թափ են հավաքել, երբ ԵԱՀԿ ավստրիական ու գերմանական նախագահությունները հստակ հերքել են գրասենյակի հասցեին ուղղված Բաքվի արհեստածին մեղադրանքները:
Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաև երևանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլև ընդհանրապես կազմակերպության և նրա կառույցների վրա:


ԵԱՀԿ ավստրիական նախագահության և մասնակից երկրների ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու և Երևանում ԵԱՀԿ գրասենյակի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու ուղղությամբ, ապարդյուն անցան։
Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները, այդ թվում` հիմնարար ազատությունները, և այս առումով մշտապես գտնվում է միջազգային քննադատության թիրախում: Իսկ այժմ, խոչընդոտելով նաև ԵԱՀԿ գործունեությունը և հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:


Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ և նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը։ Հայկական կողմը պատրաստ Է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք, մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ մշտական խորհրդի ընթացքում»,- նշել է Տ. Բալայանը։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ