ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու շուրջ:
«Ցավալի է, որ, չնայած երկարատև ջանքերին, Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու և գրասենյակի կարևոր աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցում: ԵԱՀԿ ԽՎ-ն բազմիցս ողջունել է տարբեր վայրերում ԵԱՀԿ-ի ներկայությունը և կոչ է արել տալ գրասենյակներին գործունեության մանդատներ և բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որ կարողանան կյանքի կոչել իրենց համար կարևոր ծրագրերը: Բայց, ցավոք, ևս մեկ գործունեության դաշտ փակվում է»՝ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը։
Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը շեշտել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության, տարածաշրջանում ԵԱՀԿ¬-ի ակտիվ մնալու կարևորությունը: «Հաշվի առնելով անցած տարիներին Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակների փակումը` երևանյան գրասենյակը խորհրդանշական նշանակություն և մեծ կարևորություն ունի, որը չպետք է փակվի»,- նշել է Վիգենինը: Նա հույս է հայտնել, որ մինչև երևանյան գրասենյակի փակումը միջանկյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել փոխզիջումային լուծման, որ երկիրը հնարավորություն ստանա օգտվել ԵԱՀԿ գրասենյակի աջակցությունից: