Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կազմակերպությունը հրապարակել էր Երևանի ավագանու ընտրության նոր հարցումների արդյունքը, համաձայն որի ընտրողների ճնշող մեծամասնությունը ձայնը տալու է ՀՀԿ-ին, 2-րդ տեղում «Ելքն» է՝ 21 տոկոսով, 3-րդ տեղում՝ «Երկիր ծիրանին»՝ 12 տոկոսով։
Այս պատկերը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ստացված է ոչ թե իրական հարցումների, այլ նկարչության արդյունքում. «Դուք ներկա եք և տեսնում եք, որ մարդկանց հարցնում ենք՝ քվեարկելո՞ւ եք մեր օգտին, ասում են՝ այո: Ասում ենք՝ չէ, լավ, լուրջ ասեք: Ասում են՝ այո: Երրորդ անգամ որ հարցնում ենք՝ ջղայնանում են արդեն: Բայց ես ինչքան հասկացա, Ահարոն Ադիբեկյանը սոցիոլոգիական հարցման տվյալներ է հրապարակել, որտեղ Տարոն Մարգարյանը 67 տոկոս ունի, մենք՝ 21 տոկոս: Ինձ թվում է՝ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում են արել այդ սոցհարցումը»: Էդմոն Մարուքյանը ևս սոցհարցումների արդյունքներն անիրական անվանեց.
«Մեր տվյալներով մոտավորապես 40 տոկոս ընտրող չի ասում, թե ում է ընտրելու և մնացած 60 տոկոսը բաշխվում է երեք ուժերի միջև: Եվ այդ 40 տոկոս ընտրողները, ըստ էության, մեր ընտրողներն են, որոնք կարծում են, որ հնարավոր է՝ ճնշումներ լինեն մեզ հայտնի մեթոդներով, դրա համար չեն հայտարարում, ընտրությունների օրը դա ի հայտ է գալու: Դրա համար մենք շատ հանգիստ մեր քարոզարշավը շարունակում ենք: Ավելին, նաև այս տպավորությունը, մարդկանց հայտարարությունները մեզ այլ բան են ասում»: