Նախագահական այս ընտրությունը համարվում է ամենակարևորներից մեկը Ֆրանսիայի պատմության մեջ՝ տրամագծորեն հակադիր թեկնածուների մասնակցությամբ: Ֆրանսիայում նախագահական քարոզարշավի վերջին օրը սկսվեց բողոքի ցույցերով: Փարիզում վաղ առավոտյան բնապահպան ակտիվիստները 30- մետրանոց պաստառ էին կախել Էյֆելյան աշտարակից՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով և «Ընդդիմացիր Լը Պենին» հեշթեգով: «Մեր նպատակն է քվեարկությանն ընդառաջ՝ ֆրանսիացիներին հիշեցնել ազգային արժեքներն ու փաստել, որ դրանց համար ամենամեծ վտանգը Մարին լը Պենի հաղթանակն է լինելու»,- ասում է ակցիայի հեղինակ, Greenpeace-ի ֆրանսիական գրասենյակի տնօրեն Ժան Ֆրանսուա Ժույարը, շարունակելով. «Եթե վաղը Մարին լը Պենը և Ազգային ճակատն իշխանության գան, մեր ազատությունը կսահմանափակվի, հավասարություն ու եղբայրություն այլևս չի լինի:
Մեր առաքելությունն է, որպես կազմակերպություն, որպես հակընդդեմ ուժ, հիշեցնել բոլորին այդ մասին»: Ավելի ուշ տասնյակ ակտիվիստներ սուլոցներով ու վանկարկումներով են դիմավորել Լը Պենին Ռեյմսի եկեղեցում, որտեղ Ֆրանսիայի թագավորներն էին թագադրվում: Լը Պենի ծայրահեղ հայացքները շատերն են քննադատում, սակայն, նրա մրցակից, նախկին բանկիր Էմանուել Մակրոնն էլ ոգևորության ալիք չի բարձրացնում: Հեղինակավոր «Բերթլեսմեն» հիմնադրամի՝ ուսումնասիրությունը փաստում է, որ Ֆրանսիան այժմ Եվրոպայի ամենաբևեռացված երկիրն է, որտեղ անսովոր բարձր է դժգհությունը ներկա քաղաքականությունից: «Կներեք՝ պիտի ասեմ, մենք «էն բանի մեջ ենք», քանի որ թեկնածուներից մեկը մի փոքր խենթ է և նույնիսկ մի քիչ սարսափազդու, մյուսը, վստահ չեմ, որ պաշտպանելու է շարքային ֆրանսիացիների շահերը, նա ավելի շատ բանկիրների ու նման մարդկանց կողմից է... նույնիսկ չգիտեմ՝ այս ամենն ուր կտանի մեզ»,- ասում է Փարիզի մի բնակչուհի: Առաջին փուլի ֆավորիտ, կենտրոնամետ Էմանուել Մակրոնը, որն անցած տարի է սեփական կուսակցությունը հիմնել, խոստանում է պահպանել Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դիրքը՝ չհերքելով, միաժամանակ, որ եվրոպական ընտանիքում անհրաժեշտ են ընդարձակ բարեփոխումներ:
«Այս քվեարկությամբ որոշվում է ոչ միայն Ֆրանսիայի մտավոր, քաղաքական ու բարոյական ժառանգության, այլև միասնական Եվրոպայի ապագան»,- ասել է Մակրոնը: Ազգայնական Լը Պենը խոստանում է փակել սահմանները ներգաղթյալների առջև, ջերմ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և դուրս գալ Եվրամիությունից «որքան հնարավոր է շուտ»: «Ֆրանսիան այսպես երկար չի դիմանա, երկիրը ձեր կարիքն ունի, մի երկարաձգեք Ֆրանսիայի ու ֆրանսիացիների տանջանքները, նրանք առանց այդ էլ հասել են եզրագծին»,- հայտարարել է Մարին լը Պենը: Եվրամիությունից դուրս գալու մասին Լը Պենի խոստումները մեծ արձագանք են գտնում հատկապես գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող շրջաններում: Ամյենում, որտեղ գործարաններից մեկը պատրաստվում են առաջիկայում փակել, արտադրությունն էլ Լեհաստան տեղափոխել, բանվորներն օրեր առաջ Լը Պենին դիմավորել էին ծափերով, իսկ եվրոպամետ Մակրոնին՝ սուլոցներով: 2012-ի նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրաված Լը Պենը վստահ է՝ առաջիկա կիրակի հաղթանակն իրենն է լինելու: Սոցիոլոգիական վերջին հարցումները հակառակն են փաստում. երկրորդ փուլում ֆրանսիացիների 62 տոկոսը պատրաստ է ձայն տալ կենտրոնամետ Էմանուել Մակրոնին և միայն 38 տոկոսը՝ աջակողմյան Լը Պենին: