Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են կենտրոնամետ Էմանուել Մակրոնը և ազգայնական Մարին լը Պենը։ Հանրային կարծիքի վերջին հարցումների համաձայն, ընտրողների 62-ից 64 տոկոսը քվեարկելու է Էմանուել Մակրոնի օգտին, Մարին լը Պենը հավաքելու է սպասվածից ավելի շատ ձայն։
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ ժամը 20։00-ից հետո, երբ փակվեն բոլոր ընտրատեղամասերը։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը ապրիլի 23-ին էր, մասնակցում էին 11 թեկնածուներ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է ընտրական տեղամասերի բացումից 2 ժամ անց: Նա ընտրական տեղամաս է եկել բարձր տրամադրությամբ, հաճույքով շփվել է հավաքված ընտրողների հետ, լուսանկարիչների առջև կեցվածք է ընդունել: Երբ Օլանդը քվեախցիկից դուրս է եկել, կանանցից մեկը նրան ծաղիկ է նվիրել, որը նա փոխանցել է ուղեկցողներից մեկին: Ըստ ավանդույթի՝ Օլանդը քվեարկում է Տյուլ քաղաքում: Նա Տյուլի քաղաքապետն է եղել 2001- 2008-ին: 2016-ի դեկտեմբերի 1-ին Օլանդը հայտարարել էր, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել սոցիալիստական կուսակցության փրայմերեզին: 1958 թվականին Հինգերորդ հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է պաշտոնավարման ժամկետը երկարացնելուց: