ԵՄ-ն այսօր ամենից առաջ ասոցացվում է խաղաղության կոնցեպտի հետ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Եվրոպայի օրվան նվիրված դասական համերգից առաջ։ «Եվրոպան այսօր ասոցացվում է շատ լավ զգացողությունների հետ, մասնավորապես, համերաշխության, բարգավաճման և խաղաղության հետ։ Բայց ամենակարևոր արժեքը, որի հետ ասոցացվում է ԵՄ-ը, խաղաղությունն է։ Եվրոպական երկրները դադարել են պատերազմներ մղել իրար դեմ, և սա ԵՄ ստեղծման շնորհիվ է»,- ընդգծեց դեսպանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն էլ, որպես ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ, կարող է շահել՝ համագործակցելով ուժեղ և համերաշխ ԵՄ-ի հետ։ Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները սկսվեցին ԵՄ պատվիրակության կազմակերպած դասական երաժշտության համերգով «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ, նաև՝ խաղաղության և ԵՄ-ին նվիրված ցուցահանդեսով: