Թուրքիայում հեղափոխություն է եղել. ապրիլի 16-ին նախագահ Ռեջեփ Էրդողանը հաղթանակի հասավ հանրաքվեում, որից հետո Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն և արմատապես կընդլայնվեն նրա լիազորությունները։ Հանրաքվեի ժամանակ նրա օգտին է քվեարկել ընտրողների 51 տոկոսը։ Դա զգալի քիչ է իշխող կուսակցության խոստացած 60 տոկոսից, սակայն բավարար, որ Էրդողանին տա Թուրքիայի նկատմամբ բացարձակ իշխանություն և միաժամանակ փակի ԵՄ-ի հետ քաղաքական դաշինքի թեման։ Հավանաբար, նման ելքը միանգամայն ձեռնտու է երկու կողմերին, սակայն շատ վտանգավոր է թուրքական ժողովրդավարության համար՝ «Քարնեգի կենտրոնի» կայքում գրում է Մարկ Պիերինին։
Հանրաքվեից առաջ քարոզարշավը չես անվանի հանգիստ և հավասարակշռված։ Իշխանությունը հաղթանակի հասավ՝ գործի դնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչական ռեսուրսն ու հզոր ապարատը։ Մյուս կողմից, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի կարողացել լիարժեք արշավ իրականացնել ուղղումների դեմ՝ ղեկավարության ձերբակալվելու պատճառով։
Չնայած ընդդիմադիր կուսակցությունները վիճարկում են հանրաքվեի արդյունքները, Թուրքիայի նախագահն անցել է բարեփոխումները զգալի արագությամբ կյանքի կոչելուն։
Էրդողանն այդպես է փորձում խուսափել միանգամայն արդարացված հարցերից՝ փոփոխությունների լեգիտիմության վերաբերյալ։ 2015-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն չի կարողացել մեծամասնություն ստանալ, իսկ այս հանրաքվեի ժամանակ Թուրքիայի երեք մեծ քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում մեծամասնությունը դեմ է քվեարկել Սահմանադրության փոփոխմանը։ Մինչդեռ պառակտված Թուրքիայում շարունակվում են վեճերը ժողովրդավարության ճակատագրի շուրջ, ԵՄ-ն պետք է գիտակցի, որ Թուրքիան այժմ արտաքին քաղաքականությունում ավելի շատ կհիշեցնի միջինասիական հանրապետություն, քան եվրոպական ժողովրդավարություն։ ԵՄ քաղաքական չափորոշիչները, որոնց ձգտելու մասին Թուրքիան երբևէ հայտարարել է, այժմ մի կողմ կհրվեն, ընդ որում` իշխանությունները կհաստատեն, որ այդ ամենն արվում է հանուն ժողովրդավարության։ Հանրաքվեում հաղթանակի ևս մեկ հետևանք կլինի հակաքեմալական հեղափոխությունը, Թուրքիայում պահպանողական-կրոնական սոցիալական նորմերի ներդրումը։
Սահմանադրության փոփոխումը նշանակում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման քաղաքական նախագծի ավարտ։ Որքան էլ ցինիկ հնչի, նման ելքը ձեռնտու է նաև ԵՄ երկրների մի շարք ղեկավարների, որ կամ երբեք չեն հավատացել Թուրքիայի եվրոպական ձգտմանը, կամ հիասթափված են փոփոխություններով, որոնք տեղի են ունենում երկրում վերջին տարիներին։ Այժմ ԵՄ-ի և Թուրքիայի hարաբերությունները կլինեն շատ ավելի կետային։ Առաջնահերթությունների թվում են ԵՄ-ի և Թուրքիայի մաքսային միության արդիականացումը, հակաահաբեկչական համագործակցության ամրապնդումը և փախստականների խնդրով անցած տարվա համաձայնագրի եզափակիչ մասի իրագործումը: Հավանաբար, Անկարան հետագայում էլ կկրկնի, որ կիսում է եվրոպական արժեքները և ցանկանում է ինտեգրում ԵՄ-ի հետ, սակայն սահմանադրական բարեփոխման՝ ուժի մեջ մտնելուց հետո դրան հավատալը դժվար կլինի։ Որպես այլընտրանք Բրյուսելը կարող է համաձայնել Անկարայի հետ գործընկերության անհատական համաձայնագրի՝ նման ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների նոր ձևաչափի։ Դա գոնե կազատի հարաբերությունները բազաթիվ երկիմաստություններից։
Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, քիչ հավանական է, որ շանս կունենանք տեսնելու թուրք նախագահին և եվրոպացի ղեկավարներին միասին՝ ՆԱՏՕ-ի և G20-ի գագաթնաժողովներից դուրս։ Թուրքական իշխանությունների վերջին որոշումներից ու եվրոպական երկրների ղեկավարությանն ուղղված հայտարարություններից հետո միանգամայն անհարմար կլինի Էրդողանի հետ լուսանկարվելը։ Այնպես որ հարաբերությունները կպահպանվեն, սակայն նկատելիորեն կսառչեն։ Այժմ ԵՄ ղեկավարների համար կարևոր է Թուրքիային ժողովրդավարության վերադարձնելու հույսը չկորցնելը և երկրի ղեկավարության ու քաղաքացիների միջև հավասարության նշան չդնելը։ Հարցը, թե ինչպես ԵՄ-ն կհամագործակցի թուրք դեմոկրատների հետ, առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։