ԱՄՆ Կոնգրեսը 100 միլիոն դոլար է հատկացնելու «Ռուսաստանի ազդեցությանն ու ագրեսիային» հակազդելու և Եվրոպայում ու Եվրասիայում քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար: Որոշումը հաստատած օրենսդիրները հաստատել են ԱՄՆ-ի տարածքում ռուս դիվանագետների տեղաշարժի վերաբերյալ նոր սահմանափակումներ, չնայած ռուսական կողմը, բավական խիստ հայտարարություններով, ամերիկացիներից պահանջել էր չդիմել նման քայլի:
Նոր սահմանափակումներով նախատեսվում է պետդեպարտամենտի, Հետաքննությունների դաշնային գործակալության և Ազգային հետախուզության տնօրենի կողմից հատուկ ընթացակարգի մշակում, որով ռուս դիվանագետներին կպարտադրեն նախապես տեղեկացնել դեսպանատան և հյուպատոսարաններից դուրս ԱՄՆ-ի տարածքում կատարելիք ուղևորությունների մասին: Անցյալ տարի, երբ առաջին անգամ Վաշինգտոնում խոսեցին այդ մտադրության մասին, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անվանեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նախաձեռնած «վհուկաորս»: 100 միլիոն դոլարի հատկացումը ներառված է 2017-ի 1 տրիլիոն 100 միլիարդ դոլար կազմող բյուջեի նախագծում, որն արդեն հաստատել է Սենատը, օրենքի ուժ ստանալու համար պետք է վավերացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ:
Հատկացման գաղափարի հիմքում Ներկայացուցիչների պալատում և Սենատում վերջին ամիսներին հնչեցված անհանգստությունն է՝ Եվրոպայում և աշխարհի այլ շրջաններում Մոսկվայի վարած հուժկու և ագրեսիվ քարոզարշավի, այլ երկրների ներքին գործերին միջամտելու, ընտրական գործընթացների և հանրային կարծիքի վրա ազդելու առնչությամբ: Հետզհետե ավելի մեծ թվով կոնգրեսականներ և սենատորներ են խոսում Մոսկվայի տարածած կեղծ լուրերի, քաղաքական կուսակցությունները ֆինանսավորելու, բացահայտ պրոպագանդա վարելու և գաղտնի գործողություններ կատարելու վտանգների մասին:
Ֆրանսիայում և Գերմանիայում նախընտրական արշավների վերլուծությունը վկայում է ռուսների ակնհայտ միջամտության մասին: ԱՄՆ օրենսդիրների համոզմամբ, դա դերակատարություն է ունեցել նաև ԱՄՆ- ում անցյալ տարվա նախագահական ընտրությունների ժամանակ:
100 միլիոն դոլարի հատկացումը բյուջեի օրինագծում հաստատված է որպես «Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու հիմնադրամ», պետք է նպաստի օրենքի գերակայության, մամուլի, ինտերնետի ազատության և դեմոկրատական հաստատությունների հզորացման ու ռուսական ազդեցությանը հակազդելու ծրագրեր իրականացնող քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությանը: Գումարը տրամադրվելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և ՈՒկրաինայում նշված խնդիրները լուծելու համար: Հատկացումը պետք է «նպաստի նաև Եվրամիության հետ վեց երկրների կնքած համաձայնությունների իրականացմանը և օգնի տնտեսական կամ քաղաքական հարցերում Ռուսաստանի ճշումները դիմագրավելուն»: