Նորընտիր խորհրդարանն իր գործունեությունը կսկսի մայիսի 18-ին, օրակարգում կլինեն Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունների հարցերը: Խորհրդարանում մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն ԱԺ ղեկավար պաշտոններում իր թեկնածուների հարցը կքննարկի Երևանի ավագանու ընտրություններից հետո՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մամուլն այս օրերին խորհրդարանի խոսնակի տարբեր թեկնածուների մասին է գրում՝ Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Կարեն Կարապետյանի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է կուսակցությունում քննարկումների ընդունված կարգը. «Մեր կուսակցությունում կարգ գոյություն ունի. ղեկավար մարմինը ղեկավարի նախաձեռնությամբ և առաջարկով, քննարկում և որոշում է կայացնում: Առաջարկը հնչում է կուսակցության ղեկավարից, քննարկվում են և որոշումները կայացվում են»: