Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթը նոր առաջարկով սկսած «Ելք» դաշինքը հայտնվել է քննադատությունների թիրախում։ Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից, «սխալ» է որակում «Երկիր ծիրանի»-ի նախագահը։ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նշում է՝ նախաձեռնությունը տեղին չէ։ «Ես առաջին հերթին պետք է ասեմ, որ նա ինքը իր գրպանից չի տալիս, քաղաքապետարանի բյուջեն այս պահին էլ նման սոցիալական աջակցություն տրամադրում է, հետևաբար՝ այդ մասին ուղղակի շահարկել-կրկնելը, կարծում եմ, հարիր չէ: Հետևաբար, լրացուցիչ ուղղակի գալ ասել, որ ես էլ կտրամադրեմ, դա ճիշտ չէ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
15 հազարական դրամ բաժանելու խոստման փոխարեն, պետք է փոխել քաղաքական համակարգը՝ պայքարելով աղքատության դեմ, հավելում է Փոստանջյանը։ «Ելքի» խոստումը չի արդարացնում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ձեռնպահ մնալով գնահատականներից, նա խորհուրդ է տալիս զերծ մնալ «իշխանությանը բնորոշ ձեռագրից»։ «Միայն հետևյալը կասեմ, որ երբեք պետք չի փորձել նմանվել իշխանությանը և պայքարել նրա դեմ իր զենքով»,- ասաց Զուրաբյանը: Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ մայիսի 14-ին իրենց հաղթանակին կարող է խանգարել միայն ընտրակաշառքը, որի դեմ պայքարում էլ մշակվել է սոցիալական աջակցության այս ծրագիրը։ Օրենքով, սակայն, արգելված է ոչ միայն քարոզարշավի ընթացքում քվեի դիմաց նյութական օժանդակության տրամադրումը, այլև խոստումը։ Ինչո՞վ է ծրագիրը տարբերվում ընտրակաշառքից հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. ««Ելք» դաշինքի ներկայացուցիչ Երևանի քաղաքապետը չի թալանելու Երևանը՝ տանի լցնի իր էլիտար տան նկուղները, որ ընտրություններից առաջ հանի և մարդկանց ողորմություն բաժանի: Մենք մարդկանց ասում ենք, որ դուք որևէ մեկի ողորմության անհրաժեշտությունը չունեք, դուք ունեք քաղաք, դուք ունեք քաղաքի բյուջե և քաղաքի բյուջեի մասին որոշումներ կայացնելու իրավունք»,- «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա պատրաստ է 15 հազար դրամը տալ անգամ նրան, ով ընտրել է Տարոն Մարգարյանին։