Էմանուել Մակրոնը ծնվել է 1977-ի դեկտեմբերի 21-ին Ամյենում: 2004-ին ավարտել է Վարչական ազգային դպրոցը (ENA): 2008-ին սկսել է ներդրումային բանկիր աշխատել Ռոթշիլդի բանկում: 2007-ի հոկտեմբերին Էմանուել Մակրոնն ամուսնացել է Բրիջիթ Տրոնյոյի՝ ֆրանսերենի ուսուցչուհու հետ, որ 24 տարով իրենից մեծ է:
2012-ին Ֆրանսուա Օլանդի իշխանության գալուց հետո Էմանուել Մակրոնը 2 տարի անց դառնում է սոցիալիստների կառավարությունում էկոնոմիկայի նախարարը: 2016-ի ապրիլին Էմանուել Մակրոնը ստեղծում է «Առաջ» նոր քաղաքական շարժումը, որը նա «ոչ աջ, ոչ ձախ» հայտարարեց:
2017-ի նախագահական ընտրություններում կենտրոնամետների թեկնածուն բոլոր թեկնածուներից ամենաերիտասարդն էր: Նա ներկայանում է եվրոպամետ, որ ցանկանում է երկրում բարեփոխումներ անցկացնել՝ տնտեսությունն ազատականացնելով և աշխատավորների իրավունքները պաշտպանելով:
Մակրոնը հանդես է գալիս հանուն «բաց և իր արժեքներին հավատարիմ» Ֆրանսիայի: Նա անհրաժեշտ է համարում ներգաղթյալներին ապաստարանի տրամադրումը ԵՄ մյուս երկրների հետ համագործակցությամբ:
Էմանուել Մակրոնը կարողացավ որսալ հասարակական տրամադրությունները, որը մերժել էր ավանդական կուսակցություններին և գոյություն ունեցող քաղաքական համակարգը: Առաջադեմ հայացքների համար Էմանուել Մակրոնին արդեն հասցրել են տալ «ֆրանսիական Օբամա» մականունը: Համարձակ և հասարակական կարծիքին հակադրվող որոշումները և գործողությունները Մակրոնը ոչ միայն չի դատապարտում, այլև ցուցադրում է սեփական օրինակով՝ նրա կինը, միջին դպրոցի ուսուցչուհի Բրիջիթ Մակրոնը ամուսնուց 24 տարով մեծ է:
Բրիջիթ Մարի Կլոդ Մակրոնը (ծննդյամբ Տրոնյո) ծնվել է 1953-ի ապրիլի 13-ին Ամյենում: Բրիջիթը ծնողների 6 երեխաներից ամենափոքրն է, ընտանիքը զբաղվում էր հրուշակագործությամբ: 1974 -ի հունիսի 22-ին Բրիջիթը 21 տարեկանում ամուսնացել է բանկիր Անդրե Լուի Օզյերի հետ և երեք երեխա ունեցել: Բրիջիթ Օզյերն Ամյենի կրոնական դպրոցում ֆրանսերեն և լատիներեն էր դասավանդում: Հենց այնտեղ է նա առաջին անգամ հանդիպել Էմանուել Մակրոնին:
15-ամյա Մակրոնը հաճախում էր գրականության դասերի և թատերական դասարան, որտեղ դասավանդում էր Բրիջիթը: Իհարկե, սկզբում զույգն իրենց հարաբերությունները ռոմանտիկ չէր համարում: Սակայն աստիճանաբար աշակերտը և ուսուցչուհին ավելի շատ ընդհանուր հետաքրքրություններ են գտնում և մտերմանում: Ծնողները Էմանուելին Փարիզ սովորելու են ուղարկել, երբ նա 17 տարեկան էր: Մեկնելուց առաջ համառ դեռահասը եկել է Բրիջիթ Օզյերի մոտ և ուսուցչուհուն խոստացել, որ անպայման կվերադառնա և նրա հետ կամուսնանա: 2006-ին Բրիջիթն ամուսնալուծվեց Անդրե Լուի Օզյերից, իսկ 2007-ին ամուսնացավ Մակրոնի հետ: Ամուսնության պահին նա 54 տարեկան էր: Մակրոնը որդեգրեց կնոջ առաջին ամուսնությունից ծնված երեք երեխաներին, իսկ հիմա ուրախությամբ մեծացնում է թոռներին: Չնայած ամուսինն ակտիվորեն քաղաքական կարիերա է կառուցում, Բրիջիթ Մակրոնը իշխանության չի ձգտում: Նա նախկինի նման դասավանդում է դպրոցում, միայն հիմա՝ Փարիզում: Բրիջիթն ամուսնու մերձավոր խորհրդատուն է և Մակրոնին ոգեշնչում է նոր ձեռքբերումների: Մակրոնը շարքային պետական ծառայողից մինչև Ֆրանսուա Օլանդի կառավարության ֆինանսների նախարար ճանապարհն անցել է Բրիջիթի հետ: Ֆրանսիացիներից շատերն են քննադատում Բրիջիթ Մակրոնի արտաքինը և կենսակերպը: Ֆրանսիական հասարակության աչքում չափից ավելի արտահայտված արևահարությունը, վառ շիկահերությունը և բարձրակրունկները չեն համապատասխանում նրբին ֆրանսուհու կերպարին: Մարդիկ քննադատում են նաև նրա սերը թանկարժեք աքսեսուարների հանդեպ և ներկայությունը Christian Dior-ի և Louis Vuitton-ի շոուներին: Բրիջիթ Մակրոնի սովորությունները պատճառաբանված են: Էմանուել Մակրոնը բանկիր է եղել և մեծ ջանք է գործադրել ինչպես անձնական կարիերայի աճի, այնպես էլ իր ընտանիքի ֆինանսական բարեկեցության համար: ՈՒրեմն ինչո՞ւ Բրիջիթը չհագնի շքեղ ապրանքանիշերի հագուստներ, եթե կարող է իրեն թույլ տալ: