Էմանուել Մակրոնի երդմնակալությունը կկայանա մայիսի 14-ին, գրում է Le Temps-ի լրագրող Ռիշար Վերլին։ Ընտրված նախագահը, որ հիմա Ելիսեյան պալատում է Ֆրանսուա Օլանդի հետ միասին, արդեն սկսել է պայքարել խորհրդարանական ընտրությունների համար՝ նա հայտարարել է իր «Առաջ» շարժման վերափոխման մասին։ «Առաջին փուլ. «Առաջ» շարժումը, որը ստեղծվել է 2016-ի ապրիլին ու ունի 285 հազար անդամ, մոտ օրերս կփոխարինվի նոր քաղաքական ուժով, որը կոչվում է «Հանրապետությունը քայլերթին»։ Առաջնային խնդիրն է ուղեկցել այն թեկնածուներին, որոնք գալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրված են շարժման անունից»,- ասվում է հոդվածում։
«Ինչպես Մակրոնն է խոստացել, թեկնածուների 50 տոկոսը լինելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու 50 տոկոսը՝ կանայք։ Հեռացող պատգամավոր սոցիալիստները կամ պահպանողականները, որոնք սատարել էին էկոնոմիկայի նախկին նախարարին, համարվելու են «Առաջ» շարժման անդամներ։ Նպատակն է ստանալ բացարձակ մեծամասնություն հունիսյան խորհրդարանական ընտրություններում»,- նշում է լրագրողը։
Մակրոնը հասկանում է, որ իր հնգամյա մանդատը շատ շուտով փորձության է ենթարկվելու: Նա նաև հասկանում է մինչև պաշտոնական երդմնակալությունը վարչապետի ընտրության մասին իր հայտարարության ամբողջ կարևորությունը։
Արդեն լուրեր են հայտնվել, որ նոր վարչապետ կարող է դառնալ Պրովանս ռեգիոնի նախկին ղեկավար Քրիստիան Էստրոզին, Սարկոզիի նախկին կողմնակիցը, որը հրաժարական է տվել։ Նշում են նաև Մակրոնի առանցքային դաշնակից, կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուի, Քսավյե Բերտրանի ու պատգամավոր Էդուար Ֆիլիպի անունները։ Խոսում էին նաև ԱՄՀ կարգադրող- տնօրեն Քրիստին Լագարդի մասին, սակայն խորհրդարանում նրա անփորձությունը կարող է անբարենպաստ գործոն դառնալ առաջիկա պայքարում։ Մակրոնը միշտ ասում էր, որ ինքը ձգտում է համերաշխ թիմ ստեղծել 15 նախարարներից, որպեսզի սկսի կառավարել անմիջապես պաշտոնակալությունից հետո, հավատարիմ մնալով քաղաքականության մեջ բարոյականությունը բարձրացնելու՝ իր խոստմանը։
Դեռ հաստատված չէ ոչ մի նախարարի անուն։ Նրանցից շատերը կարող են տեխնոկրատներ լինել, որ լիազորված են ստուգել երկրի վիճակը մինչև խորհրդարանական ընտրությունները։ Ի տարբերություն հեռացող նախագահի՝ նոր նախագահը չի պահանջելու իր նախարարներից, որ պատգամավոր լինեն: