ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ» է գնահատել: Սպիտակ տանը Լավրովի հետ հանդիպումից հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ հանդիպումը շատ լավ է անցել և իրեն հատկապես ոգևորում են Սիրիայի շուրջ զրույցի արդյունքները։
«Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրոք, իսկապես դրական են։ Մենք կկանգնեցնենք մարդկանց մահն ու սպանությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։ ՌԴ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել էր նախ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, այնուհետև Լավրովին ընդունել է Թրամփը, հանդիպումը տևել է 40 րոպե։ ԱՄՆ-ին և ՌԴ-ին անհրաժեշտ է համագործակցել Սիրիայում հակամարտությանը վերջ տալու համար, ասված է հանդիպումից հետո Սպիտակ տան հաղորդագրությունում։ Նշված է նաև, որ պետք սանձել Ասադի ռեժիմը, Իրանին և Իրանի դաշնակիցներին։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հանդիպմանը բարձրացրել է ՈՒկրաինայի հարցը և ընդգծել է, որ իր վարչակազմը հետամուտ է լինելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, որ Ռուսաստանը Մինսկի համաձայնագրերն իրագործելու պարտավորություն է ստանձնել: Թրամփը հանդիպմանը բարձրացրել է Մերձավոր Արևելքում և ոչ միայն այնտեղ Ռուսաստանի հետ ԱՄՆ համագործակցության ընդլայնման հնարավորության հարցը և ընդգծել, որ ուզում է բարելավել հարաբերությունների Մոսկվայի հետ։
Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու հարցում։ Համագործակցության մեխանիզմները, Լավրովի խոսքով, քննարկվել են ամերիկյան կողմի հետ երեկ կայացած բանակցություններում։ Համեմատելով Թրամփին Օբամայի հետ, Լավրովն ասել է, թե երկխոսությունը Թրամփի թիմի հետ ավելի դյուրին է, քանի Օբամայի թիմի հետ: «Թրամփի թիմը գործի, այլ ոչ թե գաղափարների մարդիկ են»,- հայտարարել է նա: Երեկ Սպիտակ տանն էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, և Թրամփը լրագրողներին ասել էր, որ նրա հետ քննարկել է Ռուսաստանի հարցը: Սա ՌԴ ԱԳ նախարարի առաջին աշխատանքային այցն էր Վաշինգտոն 2013-ից սկսած։