Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի հետ պայմանավորվածության համաձայն մայիսի 3-4-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Իրանում էին՝ հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ գործարարների, տրանսպորտային ընկերությունների և 46 նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, որ մեծ աջակցություն է ցուցաբերել հանդիպման կազմակերպման և անցկացման հարցում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներկայացրել է Հայաստանի տարածքով, այդ թվում` երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործմամբ, Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման նախագիծը:
Փոխադրումների՝ այս միջանցքի գործարկման ուղղությամբ աշխատանքները շարունակական են, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Գերմանական և վրացական երկաթուղիների աջակցությամբ արդեն կայացել է առաջին թեստային փոխադրումը Դույսբուրգ-Թեհրան երթուղով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիրքորոշումը ներկայացրել և ներկաներին հուզող հարցերին պատասխանել է երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը: Հանդիպմանը ներկա 120 գործարարներ և տրանսպորտային ընկերությունների ղեկավարներ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացվող այլընտրանքային նախագծի նկատմամբ: