Ահաբեկչությունը Եվրոպային սպառնում է մշտապես, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ բանակցությունների արդյունքները:
«Մենք՝ եվրոպացիներս, տեսնում ենք աստիճանաբար փոխվող իրադրությունը, տեսնում ենք, թե մեր հարևանությամբ ինչպես է ամեն օր դրսևորվում ահաբեկչական սպառնալիքը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ Գերմանիան հավատարիմ է ահաբեկչությանը հակազդելու նպատակին, ինչի կապակցությամբ ուսուցանում է անվտանգության ուժերին տարածաշրջանում, մասնավորապես Աֆղանստանում:
«Մենք խոսքերն ամրապնդում ենք գործողություններով»,- հայտարարել է Մերկելը և հայտնել, որ Գերմանիան չի պլանավորում ընդլայնել իր մասնակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող արևմտյան երկրների կոալիցիային նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն պաշտոնապես միանա գործողությանը: «Նույնիսկ եթե նման որոշում լինի, դա չի նշանակելու, որ ռազմական այն ակտիվությունը, որն այժմ իրականացնում է Գերմանիան, կուժեղացվի,- ասել է նա։- Մենք այդ մասին պարզորոշ հայտարարել ենք»: