«Ելք» դաշինքը ելք առաջարկող թիմ է, մեզ համար չկան անելանելի իրավիճակներ, մենք պրպտում, գտնում ենք ելք, և այդ ելքն իրականություն դառնալու համար մի տարբերակ կա՝ ձեր քվեն՝ մայիսի 11-ին Հյուսիսային պողոտայում, հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ Երևանի պրոբլեմը անսարք վերելակները չեն միայն, անանցանելի ճանապարհները, փոշին ու կեղտը չէ միայն, այս քաղաքի խնդիրը համակարգային է. «Իսկ համակարգային խնդիրը կարող է լուծել նոր ուժը, ընդդիմությունը, որովհետև խնդիրները իշխանությունն է ստեղծել և նա խնդիր լուծող չէ։ Միայն հակադիր համակարգի պարագայում է, որ փոխադարձ վերահսկողության արդյունքում փոփոխություններ կլինեն»: Արամ Սարգսյանի խոսքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։ «Աշխարհում շատ երկրներ անցել են այդ կեղծ ժողովրդավարությամբ։ Կեղծ ժողովրդավարությունը ոչինչ չի տալիս, դա արագ հասկացան եվրոպացիները։ Միայն իրական ժողովրդավարության պարագայում է, որ կարելի է բան փոխել, առաջընթաց ունենալ»: «Կուսակցությունները շատ-շատ են, բայց ելքը մեկն է»,- նշեց Արամ Սարգսյանը՝ կոչ անելով Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել «Ելք» դաշինքի օգտին և հավելելով. «Մայիսի 15-ի գիշերը բացեք ձեր պահած կոնյակները ու շխկացնելով ասեք, որ հաղթեցիք ձեր միջի ճորտին»: