Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի նվիրակին

Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի նվիրակին
13.05.2017 | 00:33

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել պապական նվիրակին վերջին հինգ տարիների նրա աշխատանքի, Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունների ամրապնդման ջանքերի և անձնական մեծ ներդրման համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերջին հինգ տարիները նոր հնչեղություն հաղորդեցին Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերություններին՝ ամրապնդելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխըմբռնումը։

Նախագահ Սարգսյանի համոզմամբ, այդ ժամանակահատվածում տեղի ունեցած, հիրավի, պատմական իրադարձությունները՝ Վատիկանում Հայաստանի դեսպանության հիմնումը, բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի «Այցը առաջին քրիստոնյա երկիր»՝ Հայաստան, պապի կողմից ի լուր աշխարհի էկումենիկ պատարագի մատուցումը հայ ժողովրդի ցեղասպանված որդիների հավերժ հիշատակին, աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոսի շնորհումը, նոր բովանդակությամբ հարստացրին միջպետական օրակարգն ու լրացուցիչ հնարավորություններ բացեցին համագործակցության խորացման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին հետագա առաքելության իրականացման ժամանակ էլ կհիշի Հայաստանը և կշարունակի մնալ մեր երկրի և ժողովրդի լավ բարեկամը:


Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, թե երախտապարտ է, որ իրեն հնարավորություն և շնորհ տրվեց մասնակցել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացման պատմական իրադարձություններին:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ