Հաջորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է Վաշինգտոն մեկնել, ու չնայած Սպիտակ տան հայտարարության մեջ լարվածության ակնարկ անգամ չկար, բայց և այնպես երկու նախագահների հանդիպումը լարված է լինելու՝ գրում է Los Angeles Times-ը։ Նախ` Թուրքիան զայրացած է արձագանքել Սիրիայում քրդերին աջակցելու մասին Պենտագոնի հայտարարությանը։ Էրդողանը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն առաջին իսկ հնարավորության դեպքում կփոխի իր որոշումը։
Երկրորդ՝ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում Էրդողանի հաղթանակը աշխարհում միանշանակ չի ընկալվել։ Թրամփը շտապել էր շնորհավորել Էրդողանին, դրսևորելով իրեն «ավտորիտար տրամադրված առաջնորդների երկրպագու»։
Օրակարգի ևս մեկ զգայուն հարց է Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման պահանջը, որին Անկարան մեղադրում է անցած տարի Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ ԱՄՆ-ն մերժել էր պահանջը, նշելով, որ իրավաբանական, ոչ թե քաղաքական հարց է։ Էրդողանին զայրացրել է մերժումը։ Նա համարում է, որ Օբաման բավականաչափ չէր աջակցում հեղաշրջման մեղավորներին պատժելու իր ձգտմանը։ Էրդողանի այցելության նպատակը կարող է լինել Թրամփի հետ այս հարցում պայմանավորվելը՝ տարաձայնությունները բարդելով Օբամայի վրա։
Մեկ այլ զգայուն հարց է Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները՝ նախկինում էլ է Թուրքիան Վաշինգտոնի հետ հարաբերությունների լարվածությանն արձագանքել Մոսկվայի կողմը շրջվելով։ Չնայած Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր դիրքորոշումներ ունեն Սիրիայում, երկու երկրները սկսել են համագործակցել Սիրիայում դեէսկալացիայի գոտիների ստեղծան հարցում, ինչին զգուշավորությամբ է վերաբերվել Վաշինգտոնը, Մոսկվան ու Անկարան քննարկում են Թուրքիային ռուսական հրթիռների վաճառքի հարցը։
Եվ վերջապես Թրամփը պաշտոնապես հայտնել է, որ հեռանում է բիզնեսից, սակայն նրա ֆինանսական շահերը Թուրքիայի հետ կապակցված են։ Չնայած Trump Towers Istanbul շենքերի համալիրը Թրամփին չի պատկանում՝ սակայն նա նախագծի մշակողի հետ պայմանագիր ունի։ Թրամփի որդիները, որ ղեկավարում են ընկերությունը, վերջերս անշարժ գույքի թուրքական ֆիրմայի հետ համատեղ սկսել են իրականացնել հյուրանոցային ցանցի նախագիծը։ Բացի դրանից, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի և թուրքական կառավարության միջև ենթադրվող կապերը պատշաճ չեն հետաքննվել ու այդ հարցն էլ է որոշ անհարմարություն ստեղծում թուրք- ամերիկյան հարաբերություններում։