Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին:
Նախարարը ներկայացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը ձևավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա և հաշվի առնելով Սահմանադրության նոր լուծումները՝ ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ: Նոր մարմինը օժտված է լինելու միջազգային չափանիշներին համահունչ անկախության երաշխիքներով՝ անդամներին նշանակելու է ԱԺ-ն, իրենց լիազորություններն իրականացնելիս չեն ենթարկվելու որևէ պաշտոնատար անձի կամ մարմնի, օգտվելու են անձեռնմխելիությունից: Մարմինը ֆինանսավորվելու է պետական բյուջեից և ունենալու է առանձին աշխատակազմ: Արփինե Հովհաննիսյանը նախագահին զեկուցել է նաև, որ հակակոռուպցիոն մարմնին վերապահվել են նոր լիազորություններ՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծություն, բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անհամատեղելիության պահանջների և սահմանափակումների պահպանմանը հետևելը, կրթական և հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելը և այլն: Հայտարարագրերի ներկայացման պահանջները խախտելու դեպքում, մարմինն իրավասու է պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, իսկ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ համապատասխան նյութերն ուղարկելու է դատախազություն:
Արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ բարեփոխվել են կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող մի շարք ինստիտուտներ, ներդրվել է շահերի հայտարարագրման համակարգ, ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, հստակեցվել են շահերի բախումները կանխարգելող կանոնները: Հանդիպման ավարտին նախագահը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պաշտոնավարման ընթացքում նրա գործունեության համար և վստահություն հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովում Արփինե Հովհաննիսյանը կաշխատի նույնպիսի եռանդով և կլինի նույնքան ակտիվ, որքան կառավարությունում: