«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի կյանքը վերածվելու է դժոխքի:
«Նրանց դռները արդեն իսկ թակում են խնդիրներ, նրանց կյանքը վերածվելու է դժոխքի, Տարոն Մարգարյանը մի օր հանգիստ չի ապրելու: Մայիսի 15-ից հետո նա և Հանրապետական կուսակցությունը ամեն օր ունենալու են խնդիրներ: Մենք ունենք մեծ թիմ, համախոհների լայն շրջանակ ողջ աշխարհով մեկ, ովքեր պատրաստ են այնպիսի գործընթացներ հարուցելու, որ այլևս չի լինելու հումանիտար ճանապարհ, լինելու է մի ճանապարհ, որը տանելու է դեպի դատախազություն»,- հայտարարեց Փոստանջյանը:
Հարցին, թե հաշվի առնելով ընտրությունների ընթացքը՝ հնարավո՞ր է հրաժարվեն մանդատներից, Փոստանջյանը պատասխանեց. «Հրաժարվել կամ չհրաժարվելու մասին չենք խոսում: Ասում ենք, որ ցանկացած կեղծված երևույթ ճանաչելու ենք իր անվամբ, գողերին ասելու ենք իրենց անուններով: Տարոն Մարգարյանը ցանկանո՞ւմ է որպես գող նշանակվել նորից քաղաքապետ, իրեն սպասելու է դժոխքը և նաև իր ղեկավարին: Նա օր ու արև չի ունենալու»: