Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են օբյեկտիվորեն հետաքննել լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը
14.05.2017 | 00:09

Լրագրողական 8 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, լրագրողների նկատմամբ արձանագրված բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպքերի կապակցությամբ:

«Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանի նկատմամբ։ Վերջինիս աշխատանքը խոչընդոտվել է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում։ «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ևս ճնշում է գործադրվել նույն տեղամասում։ Մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումների են բախվել նաև «1in.am» կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանը՝ Էրեբունի համայնքի 10/28 տեղամասում, «Hraparak.am»-ի լրագրող Սոնա Ադամյանը՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առևտրի քոլեջում (2/50 ընտրատեղամաս)»,- փաստել են կազմակերպությունները՝ արձանագրելով նաև քարոզարշավի ընթացքում ճնշումների փաստերը «Aravot.am»-ի թղթակից Նելլի Գրիգորյանի և «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ։

«Եթե ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը նույնպիսի իրադարձություններից հետո իրավապահ մարմինները իսկույն արձագանքեցին և քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ սկսեցին, ապա այս անգամ նրանք առայժմ պատշաճ օպերատիվություն չեն դրսևորում։ Նախորդ տարիների փորձն էլ առանձնապես հավատ չի ներշնչում, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ոտնահարողները պատասխանատվության կենթարկվեն»,- փաստել են կազմակերպությունները՝ ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։ «Այս միջադեպերին վերաբերող իշխանությունների գործողությունները մեր ուշադրության կենտրոնում են գտնվելու. մենք պաշտպանելու ենք տուժած լրագրողների շահերը և իրազեկելու ենք հայաստանյան ու միջազգային հանրությանը վերոհիշյալ իրավախախտումներին առնչվող գործընթացների զարգացումների մասին»,- ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի և մի շարք այլ կազմակերպությունների համատեղ հայտարարությունում:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ