ՀՀԿ-ն, ընդհանուր առմամբ, այսօրվա ընտրությունները դրական է գնահատում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, եղել է 49 հաղորդում, եթե համեմատենք 2013-ի հետ, անհամեմատ հաղորդումները պակասել են»,- նշեց նա։ ՀՀԿ խոսնակը նշեց, որ ընտրությունների նախնական արդյունքները շատ տպավորիչ են, գոհացնում են ու կանխատեսելի են։ «Որովհետև մենք կանխատեսում էինք, որ մեր քաղաքապետի թեկնածուն ունի շատ բարձր վարկանիշ, թիմը շատ պրոֆեսիոնալ է, կուսակցությունը կոփված է, և մենք ակնկալում էինք մեր երևանցիների վստահության շուրջ 70 տոկոսը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ կարելի է արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական։
«Այս ընտրություններում, նախնական տվյալներով, համոզիչ հաջողություն է տոնում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Հանրապետական կուսակցությունը»,- ասաց նա։