«Մոսկովյան հանդիպումից հետո ես այնպիսի տպավորություն ունեմ, որ տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է, այլ կերպ ասած, տարածքներ՝ խաղաղության դիմաց տրամաբանությամբ»՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, թե հնարավոր է համարում երկու` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը: Նա նաև ասել է, թե վերջին 12 տարիներին բանակցությունների տրամաբանությունը հենց դա է, ընդգծելով՝ չեն լինում բանակցություններ միայն բանակցություների համար։ «Բոլորին պարզ է, որ Հայաստանը պետք է դուրս հանի իր զորքերն Ադրբեջանի տարածքներից»,- ասել է նա:
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մինչդեռ, նշում է. «Ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման բովանդակությունն արտացոլված է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների հրապարակած հաղորդագրություններում: Ի միջի այլոց, նախատեսվում էր, որ համանման բովանդակության հաղորդագրություն պետք է հրապարակի նաև Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, ինչը տեղի չունեցավ, և դրա տրամաբանական շարունակությունն էր, որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս այլևայլ մեկնաբանություններով»:
Մոսկվայում ապրիլի 28-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի էր ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այդ հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում նշվում էր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016-ի մայիսին և հունիսին կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտության մասին: Կողմերն այդ գագաթնաժողովների ժամանակ համաձայնել էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցը պետք է կատարեն առաջիկա հունիսին կամ հուլիսին՝ հայտարարել է Մինկսի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ընդգծելով՝ «Կողմերը պետք է ոչ միայն վերահաստատեն իրենց հավատարմությունը հրադադարի պահպանմանը, այլև նշեն՝ ինչպես են իրենք կյանքի կոչելու վստահության ամրապնդման խիստ անհրաժեշտ միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել անցած տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում: Երբ հասնենք այդ բանակցություններին, մենք կարող ենք արդեն գործնական հարցերի շատ ավելի ընդարձակ ցանկ դնել սեղանին, որոնք կսկսեն օգուտներ բերել երկու կողմին էլ: Սրանք ներառում են տնտեսական ու առևտրային նախաձեռնություններ՝ տարածաշրջանային էներգետիկ ու տրանսպորտային կապերը զարգացնելու ու վերականգնելու, զբոսաշրջությունն ու ժողովուրդների միջև շփումները խթանելու ուղղությամբ»: