Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Խելմիխը կարծում է, որ անհրաժեշտ է դուրս բերել զորքերը Թուրքիայից, երբ թուրքական իշխանությունները նորից արգելել են գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ռազմաբազա:
«Մենք թույլ չենք տա շանտաժի ենթարկել մեզ: Այդ պատճառով ճիշտ քայլ է զինվորականներին դուրս բերելու հարցի քննարկում սկսելը»,- ասել է քաղաքական գործիչը: Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ եթե Անկարան չվերանայի իր որոշումը, նախարարների կաբինետը կքննարկի տարածաշրջանի այլ երկրներում զինվորականներ տեղակայելու հնարավորությունը: Կանցլեր Անգելա Մերկելը ևս պաշտպանել է նախաձեռնությունը: Թուրքիայի փոխարեն գերմանական զինվորականներին կարող է ընդունել Հորդանանը: