ԱՄՆ պետդեպարտամենտը իր խիստ մտահոգությունն է հայտնել Անկարային՝ երեքշաբթի օրը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ: Էրդողանի թիկնապահների ու աջակիցների մասնակցությամբ միջադեպի հետևանքով, ըստ Վաշինգտոնի ոստիկանապետի, մարմնական վնասվածք էր ստացել 11 ցուցարար և մեկ ոստիկան: «Բռնությամբ ազատ խոսքին արձագանքելը երբեք չի կարող ընդունելի լինել, մենք ամենուր ենք պաշտպանում մարդկանց ազատ կամարտահայտության ու խաղաղ հավաքների իրավունքը»,- հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը:
Կոնգրեսի մի քանի ներկայացուցիչներ ևս դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցների ու թիկնապահների գործողությունները երեքշաբթի օրը ցուցարարների նկատմամբ։ Թրամփի աշխատակազմը հայտարարել է. «Անհանգստացած ենք թուրք թիկնապահների ու խաղաղ ցուցարարների միջև տեղի ունեցած բռնություններով։ Մենք մեր դիրքորոշումը կհասցնենք մինչև Անկարա։ Բռնությունը չի կարող համարժեք պատասխան լինել այլախոհությանը»։