ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը խոստումնալից է համարում նոր խորհրդարանի ընդդիմությանը: Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը, անդրադառնալով «Ելքի» պատգամավորների բացակայությանը երդման արարողությունից, ասաց, որ նրանց քայլը մանկական հիվանդություն է համարում:
«Հայաստանի քաղաքական դաշտի մանկական հիվանդություն, բայց վստահ եմ, որ ապագայում մեր գործընկերները նման տեսակի քաղաքական որևէ արժեք չստեղծող քայլերի չեն դիմի կամ էլ քիչ կդիմեն»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ թեև նախորդ ԱԺ-ն ևս շատ արդյունավետ է աշխատել, մինչդեռ նոր ԱԺ-ի պարտավորություններն ավելի են մեծանում:
«Ազգային ժողովի դերը, որակը Սահմանադրությունն է տվել: Սա նշանակում է, որ այս գումարման ԱԺ-ն ավելի մեծ առաքելություն ունի: Իհարկե, չեմ ուզում նսեմացնել նախորդ Ազգային ժողովների աշխատանքները, հատկապես, որ պատիվ եմ ունեցել նախկինում լինելու պատգամավոր»,- ասաց Ա. Աշոտյանը: