Եվրախորհրդարանը հավանություն է տվել Սիրիայի իրադրությանը նվիրված բանաձևին: Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում: Դահլիճում ներկա է եղել 624 պատգամավոր, փաստաթղթի օգտին քվեարկել է 508 մարդ, դեմ՝ 98-ը, ձեռնպահ է մնացել՝ 18 պատգամավոր: ԵԽ-ի բանաձևում նշված է, որ «Սիրիայում պատերազմը դարձել է վատթարագույն հումանիտար ճգնաժամերից մեկը, որին աշխարհը բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»:
Եվրախորհրդարանում անհանգստացած են, որ «հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ է մտել 2016-ի դեկտեմբերի 30-ին, չի պահպանվում, ինչը հաստատվում է մի շարք խոշոր միջադեպերով, ինչպիսին է, օրինակ, քիմիական գրոհը Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում (Իդլիբի նահանգ)»: «Սիրիայում խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով»,- նշել են Եվրախորհրդարանում:
ԵԽ-ն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին աջակցություն ցուցաբերելու կոչ է արել, «որպեսզի Սիրիայի վերաբերյալ նոր ռազմավարությունը նպաստի երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը»:
Եվրախորհրդարանը նաև «ողջունում է միջազգային անկախ մեխանիզմի ստեղծումն այն լուրջ հանցագործությունների հետաքննությանն օգնելու համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը, որոնք 2011-ից կատարվել են Սիրիայում»: Եվրախորհրդարանը պաշտպանում է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման հուշագրի ընդունումը, որն ստորագրվել է մայիսի 4-ին Աստանայում կայացած հանդիպման ժամանակ: