Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում:
Կիպրոսում անցկացվող նիստում իր ելույթում նա անդրադարձել է «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեսակետին, որի համաձայն՝ ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն, և ընդգծել. «Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։ Նման իրավիճակի ականատես եղանք 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»: «Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթնաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը»,- հայտարարել է Նալբանդյանը:
«Մենք գնահատում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայր ցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների և անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: