Հայաստանում ապրիլին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն է ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը՝ Կիպրոս աշխատանքային այցի շրջանակում հանդիպելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Նալբանդյանը բարձր է գնահատել ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը: Քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը, անդրադարձել են ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽԽՎ-ի հանդեպ վստահության վերականգնման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։ Յագլանդը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի արդյունավետ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: