Թուրքիայում ԵՄ պատվիրակությունը մշտապես հանդես է եկել «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը» նախագծի օգտին՝ Երևանում ընթացող գիտաժողովում ասաց Անկարայում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Իրենեուշ Ֆիդուշը: Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ուշադրությունը չի սևեռում տվյալ պահի վրա, ԵՄ ներկայացուցիչը հույս ունի, որ դա երբևէ տեղի կունենա: «Կարգավորումը կարծես երկու երկրների քաղաքական վերնախավի առաջնահերթությունը չէ, և հենց այս պատճառով մենք մարդկանց միջև շփումների հաստատման անհրաժեշտություն ենք տեսնում»,- հայտարարեց դիվանագետը՝ «Հայաստան-Թուրքիա. Երկխոսության և հաշտեցման ուղիների որոնում» թեմայով գիտաժողովի ժամանակ:
Նա հավաստիացրեց, որ չնայած քաղաքացիական հասարակության շատ կազմակերպություններ են փակվել պետական հեղաշրջման փորձից հետո, Թուրքիայում նախկինի նման ընդգծված քաղաքացիական հասարակություն կա: Ֆիդուշը հավելեց, որ գիտնականներից շատերը սկսել են 1915-ի մասին գրել և խոսել, սակայն ինքնարտահայտման ազատության տարածքը կրճատվում է: Չնայած դրան, Թուրքիայում դեռևս հարգում են 1915 թվականի զոհերի հիշատակը, ընդգծեց դիվանագետը: «Ես հույս ունեմ, որ ինչ-որ պահի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցումը կդառնա ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկխոսության մասը: Դա տեղի չի ունենա վաղը: Որքան ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները լավ լինեն, այնքան ավելի շատ հնարավորություն կլինի թուրքական ղեկավարությանը դրդելու կարգավորմանը նպաստող որոշ քայլեր ձեռնարկել»,- հավելեց նա: