Այսօր Գառնիում նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է Գառնու տաճար պատմամշակութային հուշարձան-արգելոցի տարածքում մշակույթի նախարարության ծրագրած ենթակառուցվածքների ստեղծման նախագիծը:
«Հանրապետության նախագահը հատկապես ուշադրություն հրավիրեց այցելուների, զբոսաշրջիկների համար հանգստի կետեր ստեղծելու, բազմալեզու ինֆորմացիոն նոր վահանակների տեղադրման հնարավորության վրա»՝ Գառնիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: Նրա խոսքով՝ քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակտիվ ներգրավումը Գառնու տաճարի հանրահռչակման հարցում, մասնավորապես, երեկոյան լուսային նոր ձևավորումներով վիրտուալ իրականություն ստեղծել: «ՈՒղիղ հանձնարարական եղավ տաճարի կողքին բաղնիքի խճանկարի վերականգնման մասով և այն շինությունը, որը ներառում է բաղնիքը, ժամանակակից լուծումներով վերակառուցել: Դա շատ մոտ ապագայում կկատարվի: Մեր պատկերացրած ենթակառուցվածքների նախագծում ներառվում է նաև թանգարանի, շարժական բեմի կառուցում, հարակից տարածքում, որ կներառի հուշանվերների խանութ, փոքրիկ հանգստի կետ»,- տեղեկացրեց Ամիրյանը:
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա առաջին չորս ամիսներին զբոսաշրջիկների թիվը աճել է 37 տոկոսով: Ենթակառուցվածքների ներդրման դեպքում, Ամիրյանի խոսքով, ակնկալում են մինչև տարեվերջ 50 տոկոսով աճ: Գեղարդում ևս շաբաթվա որոշակի օրերին տեղի կունենան մշակութային միջոցառումներ: