Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Բրյուսելը պետք է Մեծ Բրիտանիային «միլիարդավոր ֆունտեր» վճարի Եվրոպական ներդրումային բանկում երկրի բաժնետոմսերի համար՝ հայտնում է Telegraph թերթը: Ըստ Մեյի՝ Մեծ Բրիտանիան ունի ֆինանսական իրավունքներ, որոնք պետք է Brexit-ի հարցով բանակցություններում հաշվի առնվեն պարտավորություններին հավասար:
«Շատ խոսակցություններ կան, թե ինչ պարտավորություններ պետք է ունենա Միացյալ Թագավորությունը կամ մենք ինչ իրավունքներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով այն փողերը, որոնք վճարվել են անցյալում: Մենք հստակ ցույց ենք տալիս, որ հաշվի կառնենք և իրավունքները, և պարտավորությունները»,- ասել է Մեյը Telegraph -ին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան մասնակցում է ԵՄ-ի հետ համատեղ մի քանի մեծ ֆինանսական և ներդրումային նախագծերի: ՈՒստի երկիրը մասնաբաժնի իրավունք ունի: «Կա ներդրումային բանկ, կա ներդրումային հիմնադրամ, կան այլ ոլորտներ: Ինչպես դուք գիտեք՝ դա բանակցությունների կարևոր մաս կլինի»,- եզրափակել է Մեյը: Մեծ Բրիտանիայի մասը Եվրոպական ներդրումային բանկում գնահատվում է մոտ 10 մլրդ եվրո: