Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թոմ Քաթինան հանդիպեց ապագա բժիշկներին

Թոմ Քաթինան հանդիպեց ապագա բժիշկներին
22.05.2017 | 11:19

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700000 բնակչություն ունեցող բնակավայրի հիվանդանոցի միակ վիրաբույժն է:

«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի և ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է և ուժ է տալիս: Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից,- ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան,- ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տալիս՝ ներկայացնելու իրավիճակը Նուբայում»:
Երևանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:


«Բժշկությունն առհասարակ ամենամարդասիրական մասնագիտությունն է, առաքելություն, որն առաջին հերթին ենթադրում է բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն: Մեզ համար մեծ պատիվ է, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը համալրեց Սուդանի Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան,- ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը,- «Ավրորա» մրցանակի հավակնորդն իսկապես բացառիկ մարդասիրական գործունեություն է իրականացնում՝ պատասխանատվություն կրելով հազարավոր մարդկանց բժշկական օգնության համար»:
Դասախոսության ավարտին Թոմ Քաթինան պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին:


Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ