Ստամբուլում անցկացվող ՍՏՀԿ հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը առարկություն է հնչեցրել Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի ելույթի վերաբերյալ:
«Դողան» գործակալության հաղորդմամբ, գագաթնաժողովի բացմանը կազմակերպության անդամ երկրները մեկական ելույթ են ունեցել: Հայաստանի ներկայացուցիչ Հովակիմյանը արձագանքելով Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օգդալ Ասադովի հայտարարությանը, թե «կազմակերպության անդամ երկրներից մեկը դեռ չի հրաժարվել թունավոր գաղափարախոսությունից», իր ելույթում ընդգծել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցությունը քաղաքական մեղադրանքներ հնչեցնելու տեղ չէ: Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, թե համաձայն է Հովակիմյանի մտքի հետ, որ գագաթնաժողովը քաղաքական հարցեր քննարկելու համար չէ և հավելել է. «Բայց այստեղ ոչ մի ներկայացուցիչ մեղադրանքներ և գնահատականներ չհնչեցրեց: Դուք ձեր ելույթը ամբողջությամբ նվիրեցիք քաղաքական գնահատականների»: Թուրքիայի նախագահը իր ելույթում ընդգծել է, որ ՍՏՀԿ անդամ երկրների ընդհանուր նպատակն է ապահովել խաղաղություն, կայունություն և զարգացում զգայուն տարածաշրջանում:
«Եթե ինձ այսօր հարցնեն, թե որն է կազմակերպության ամենամեծ նվաճումը, ես առանց հապաղելու կնշեմ, որ այս կազմակերպությունը կարողացել է մի սեղանի շուրջ հավաքել երկրների, որոնք տեղակայված են աշխարհի ամենաբարդ շրջաններից մեկում»,- ընդգծել է Էրդողանը՝ հավելելով, թե տարածաշրջանի երկրների միջև կարող են քաղաքական և ռազմական որոշ խնդիրներ լինել. «ՍՏՀԿ աշխատանքի արդյունավետությունը կախված է այդ խնդիրների ազդեցությունը նվազագույնի հասցնելու հանգամանքից: Ապագայում կազմակերպությունը պետք է վերածվի մի կառույցի, որը ներդրում կունենա այդ խնդիրների կարգավորման հարցում: Դրա համար պետք է շեշտը դնել ընդհանուր արժեքների վրա և հեռու մնալ անհեռատես քաղաքական վեճերից ու տարաձայնություններից»:
Սևծովյան տարածաշրջանի երկու երկրները` Ռուսաստանը և Թուրքիան ստամբուլյան գագաթնաժողովը օգտագործել են երկկողմ հարաբերությունների զարգացումը խոչընդոտող խնդիրը հարթելու համար: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հանդիպման արդյունքում երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչն ու Մեհմեդ Շիմշեքը համատեղ հայտարարություն են ստորագրել առևտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին