Այսօր Բաթումում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Կողմերը ռազմական համագործակցության հուշագիր կստորագրեն: Երեկ Թբիլիսին ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը: Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Ըստ վրացական կողմի՝ նախարարները պայմանավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ ռազմական համագործակցությունը, հատուկ կարևորվել է աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանը՝ հաշվի առնելով տարածքային խնդիրները, որ ունեն Ադրբեջանն ու Վրաստանը: Թբիլիսին հարևաններից միայն երկուսի հետ ռազմական այս համագործակցությունը պայմանավորում է «տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովմամբ»:
«Ինձ ուրախացնում է, որ Վրաստանը տարածաշրջանում ունի նման գործընկեր»,- Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ համագործակցության պատճառներից մեկն այն է, որ երեք երկրներն էլ լավ հարաբերությունների մեջ են:
Վրաստանին և Ադրբեջանին, ինչպես նշել է նախարար Իզորիան, միավորում են ռազմավարական հարաբերությունները, իսկ երեք երկրներին՝ էներգետիկ խոշոր նախագծեր՝ ինչպես, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով:
Այսօր ստորագրվելիք հուշագիրը վերաբերում է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին: Եռակողմ ձևաչափով այս համագործակցության շրջանակում, որի հիմքը դրվել է 2014-ին Նախիջևանում, կողմերը, բացի հանդիպումներից ու քննարկումներից, նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում: Հերթական զորավարժությունները տեղի կունենան հունիսին և սեպտեմբերին: