Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրամիությունը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

Եվրամիությունը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ
24.05.2017 | 10:05

Եվրամիությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հայտարարել է ԵՄ ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում, որտեղ տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստը: Երկկողմ հարաբերություններից բացի, Եվրամիության ու Հայաստանի արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը տարածաշրջանում: Բրյուսելը վերահաստատել է հայ-թուրքական հաշտեցմանն աջակցելու պատրաստակամությունը՝ կոչ անելով կողմերին ներգավվել այդ գործընթացում առանց նախապայմանների: «Եվրամիությունն ուզում է ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Մենք արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն ենք, ամենամեծ միջազգային դոնորը, և պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, դատական համակարգի, մարդու իրավունքների ոլորտի, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Հարցեր, որոնք շատ հստակ և հրատապ են Հայաստանի քաղաքացիների համար»,- հանդիպման ավարտին հայտարարել է Մոգերինին՝ հավելելով. «Մենք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եվրամիության համոզմամբ՝ ստատուս քվոն անկայուն է, և անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքների համաձայն: Եվրամիությունը շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները»:


Երևանն ու Բրյուսելը երկու ամիս առաջ նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր, որը, ըստ կողմերի, նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում: Բրյուսելում ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստի մասնակիցները հույս են հայտնել, որ համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:
Ընդգծվել է Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Նալբանդյանն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ակնկալում է սկսել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես նախանշվել էր Ռիգայում:


Նա անդրադարձել է նաև ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդներ էին հետևում, ովքեր հայտարարեցին, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հիմնարար ազատությունները պաշտպանվել են, և արդյունքներն արտահայտել են բնակչության կամքը: Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար:


Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Նա շեշտել է, որ 2016-ի ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995 թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր, և այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում: Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:


Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ