Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կփոխի ողջ տարածաշրջանի ճակատագիրը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կփոխի ողջ տարածաշրջանի ճակատագիրը
24.05.2017 | 17:05

Թուրքիան հաստատակամ է՝ առաջիկա տարիներին ավելի խորացնելու հարաբերությունները Վրաստանի հետ՝ Թբիլիսիում հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը՝ վրացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո:


Թուրքիայի վարչապետը Թբիլիսի էր մեկնել 7 նախարարների ուղեկցությամբ՝ դա, ըստ տեղական մամուլի, մինչ օրս Վրաստան ժամանած ամենաբարձրաստիճան թուրքական պատվիրակության այցն էր, որը համընկել է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:


«Շուրջ քառորդ դար է՝ մենք ամրապնդում ենք մեր ռազմավարական համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, վերջին տասը տարիներին Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, և սա դեռ միայն սկիզբն է»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Բինալի Յիլդիրիմը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ անցած տարի Թուրքիայում իրականացված հեղափոխության փորձից մի քանի օր անց Անկարա ժամանելու և գործող վարչակազմին աջակցելու համար: «Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությունները պետք է կարգավորվեն հենց այս սկզբունքների հիման վրա»,- պնդել է Թուրքիայի վարչապետը՝ աջակցություն հայտնելով նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Թբիլիսիի ջանքերին: Վրաստանի վարչապետը հայտարարել է՝ ի դեմս Թբիլիսիի Անկարան ունի հավատարիմ ու վստահելի գործընկեր: «Տարածաշրջանի անկայունության պայմաններում թուրք-վրացական ռազմավարական համագործակցությունը ավելի արժեքավոր է դառնում»,- հավելել է Գիորգի Կվիրիկաշվիլին՝ փաստելով, որ ինտենսիվ զարգանում է նաև համագործակցությունը հարևան Ադրբեջանի հետ:


«Մենք մի շարք եռակողմ հեռանկարային ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է: Նախագիծն առաջ է գնում ըստ ժամանակացույցի, և մենք հույս ունենք, որ այս ամռանն այն կփորձարկենք մեր տարածքում, իսկ հաջորդ տարեսկզբից արդեն շահագործման կհանձնենք»,- ասել է Կվիրիկաշվիլին: Այս երկաթգիծը կփոխի ողջ տարածաշրջանի ճակատագիրը՝ դառնալով պատմական Մետաքսի ճանապարհի մի մասը՝ պնդել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, ընդգծելով՝ սա համատեղ ճանապարհ է, որ Կովկասից ձգվում է մինչև Միջին Ասիա ու Հեռավոր Արևելք, մյուս կողմից՝ Անատոլիան է կապում Եվրոպայի ու Լոնդոնի հետ: «Երկաթգծի գաղափարը ծագեց 2004-ին, և հիմա, երկարատև բանակցություններից հետո մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այն, ինչ երազանք էր թվում այն ժամանակ: ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել իմ վրացի գործընկերոջը՝ այս նախագծին ցուցաբերած լուրջ աջակցության համար»,- ասել է Բինալի Յիլդիրիմը:


Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը սկսվել է 10 տարի առաջ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ