ԱՄՆ բյուջեում արտաքին հատկացումները և օգնությունը զգալիորեն կրճատելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Կոնգրեսում սառն են ընդունել նաև հանրապետականները: Սենատոր Լինդսի Գրեհեմը ասել է, որ եթե իրականացվի այդ բյուջեն, «մենք ստիպված կնահանջենք աշխարհում և շատ մարդկանց ռիսկի տակ կդնենք»: Գրեհեմը Սենատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարն է, որը վերահսկում է դիվանագիտական ոլորտի և արտաքին օգնությունների ծախսերը: Թրամփի վարչակազմը առաջարկել է 32 տոկոսով՝ 19 միլիարդ դոլարով, կրճատել պետդեպարտամենտին և արտաքին օգնություններին հատկացվող գումարները: 2018-ի բյուջեում զգալի կրճատումներ են առաջարկվում համաշխարհային առողջապահական ծրագրերի և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումից, բացի ՆԱՏՕ-ից: ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային խաղաղապահներին ամերիկյան հատկացումները առաջարկվում է կրճատել 1,5 միլիարդ դոլարով՝ 2017-ի համեմատ դա կրճատում է 50 տոկոսով:
Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Էդ Ռոյսն ասել է. «Ահագնացող սպառնալիքների պայմաններում մենք պետք է ոչ թե կրճատենք, այլ աջակցություն ցուցաբերենք ահաբեկչության դեմ պայքարին, իրավապահներին ու մարդասիրական ծրագրերին»: