ՆԱՏՕ-ն միանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային՝ Բրյուսելում մինչ գագաթնաժողովն սկսվելը ասել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Բոլոր 28 անդամները և գլոբալ կոալիցիան համաձայն են ՆԱՏՕ-ի անդամակցությանը կոալիցիային: Սա ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի հանձնառությունների քաղաքական ուժեղ ուղերձ է»,- հայտարարել է նա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի ներգրավվելու մարտական գործողություններում: Մինչև հիմա ՆԱՏՕ-ն չէր միացել ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային՝ չնայած կոալիցիան գլխավորում է ԱՄՆ-ը, ու դաշինքի անդամ մի շարք երկրներ մասնակցում են իսլամիստների դեմ պայքարին: ՆԱՏՕ-ն կոալիցիոն ուժերին օգնում էր զինվորական խորհրդականներով: Ըստ միջազգային գործակալությունների հաղորդագրությունների՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան դեմ են ՆԱՏՕ-ի մասնակցությանը ցամաքային մարտական գործողություններին, ինչը կարող է ռիսկի տակ դնել արաբական աշխարհի հետ հարաբերությունները: Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում երկու հիմնական հարց կար՝ ահաբեկչության դեմ պայքարը և ռազմական ծախսերի ավելացումը: ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի 70 տոկոսը փակում է ԱՄՆ-ը: Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնելու է հետախուզական օդանավերի թռիչքները՝ օգնելու հակաահաբեկչական գործողություններին, Իրաքում վարժական ծրագրեր է իրականացնելու: Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարը բարելավելու պլան է ընդունվելու, նշանակվելու է հակաահաբեկչական գործողությունների համակարգող, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնագիտացված բաժին է ստեղծվելու: Ենս Ստոլտենբերգն ասել է, որ անդամ երկրներից յուրաքանչյուրը ՀՆԱ-ի 2 տոկոսը պետք է ուղղի ռազմական ծախսերին: Անցյալ տարվա տվյալներով պարտավորված ծախսերը 28 անդամներից կատարել են միայն 5-ը՝ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Լեհաստանը, Էստոնիան և Հունաստանը:
ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայում 23 երկրներ են ընդգրկված, նրանք Սիրիայում և Իրաքում 9-հազարանոց զորք ունեն, կոալիցիայի օդուժը մինչ հիմա 19 հազար ավիահարված է հասցրել իսլամիստների թիրախներին: Միջազգային կոալիցիային դաշինքի միանալը նշանակալիորեն կմեծացնի համակարգումը «Իսլամական պետության» դեմ պայքարում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ժամանելով Բրյուսել՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ Մանչեստրի մահաբեր պայթյունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան վտանգավոր են սպառնալիքները, և պետք է հաղթել ահաբեկչության դեմ պայքարում: Բրյուսելից հետո նրա օրակարգում G7 գագաթնաժողովն է Տաորմինում, Դոնալդ Թրամփը վերադառնում է Իտալիա: