Թբիլիսիում մայիսի 26-29-ին անցկացվելու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը։ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում ասել է, թե շատ կարևոր է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրում նման բարձր մակարդակի համաժողով է անցկացվում։ Նա հայտնել է, որ դաշինքի խորհրդարանական վեհաժողովում ընդունվելու է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը պաշտպանող հռչակագիր։
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին նախօրեին կայացած ճեպազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ ամառային նստաշրջանում հիմնականում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության խնդիրներ, ուշադրության կենտրոնում են լինելու ժողովրդավարության զարգացման, միջազգային համագործակցության, ահաբեկչության և անջատականության դեմ համատեղ պայքարի հարցերը։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից, ինչպես նաև դաշինքին չանդամակցող շուրջ երկու տասնյակ երկրներից մոտ 600 ներկայացուցիչներ են մասնակցելու թբիլիսյան հանդիպմանը։
Վրաստանի կառավարությունում եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն ասել է, որ Վրաստանի դերը միայն կազմակերպչական չէ։ Նրա խոսքերով, ԽՎ անցկացումը Վրաստանում քաղաքական մեծ նշանակություն ունի։ Դոլիձեն ասել է, որ Վեհաժողովում հայտարարություն է ընդունվելու, որտեղ պաշտպանվելու է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բարեփոխումների անցկացումը, նաև հատուկ ուղերձ կլինի Ռուսաստանին և ՆԱՏՕ- ին, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը չպետք է կանգ առնի Վրաստանի սահմանին, Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում մեկնարկում է Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին։