ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման արժանացել է գերմանական լրատվամիջոցների մրցանակին: Դրամական բաղադրիչ չունեցող պարգևը տրվում է անձանց, ովքեր «էական ազդեցություն են ունեցել հասարակության և քաղաքականության վրա»: Անցած տարիներին այդ մրցանակին են արժանացել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և դերասան Ջորջ Քլունին: Մրցանակի հիմնադիրների կարծիքով, Բարաք Օբաման իրեն դրսևորել է տաղանդավոր քաղաքական գործիչ և մարդ, որ կարողացել է մյուսներին էլ հաղորդակից դարձնել «ավելի լավ աշխարհի մասին իր երազանքին»:
Մրցանակակիրը շնորհակալություն է հայտնել գերմանական ժյուրիին, որ, ի տարբերություն Նոբելյան կոմիտեի, մինչ պարգևը շնորհելը, սպասել են պաշտոնից հեռանալուն: Սպիտակ տան նախկին ղեկավարը, ելույթ ունենալով մրցանակաբաշխության արարողության ժամանակ, աշխարհի առաջատար երկրներին կոչ է արել միասնական դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: