Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Նա ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված և Հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը:
Մայիսի 28-ը Հայաստանում նշվում է որպես Առաջին Հանրապետության օր, որը հռչակվեց 1918-ին: Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականը, երբ Կարմիր բանակի զորամասերը մտան Երևան և հանրապետությունը խորհրդայնացվեց: