Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին

Նախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին
29.05.2017 | 01:08

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնց կազմում են Մադրիդյան ակումբի անդամներ, Տանզանիայի նախկին նախագահ Բենջամին Մկապան և Բոտսվանայի նախկին նախագահ Ֆեստուս Մոգայեն, ովքեր հրավիրված են մասնակցելու այսօր Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, որ «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ է:

Նա ողջունել է հյուրերին Հայաստանում, նշելով, որ նրանց մասնակցությունը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը վկայում է, որ տարեցտարի ավելանում է «Ավրորայի» միջազգային հեղինակությունը, և որ նրա գաղափարախոսությունը իրավամբ հիմնված է համամարդկային արժեքների վրա: Ընդգծելով, որ առաջադեմ մարդկությունը հսկայական ջանքեր է ներդնում աշխարհում կայունության, խաղաղության, համերաշխության հաստատման գործում, նախագահը միաժամանակ ցավով է նշել, որ այսօր էլ մարդիկ պարբերաբար ականատես են լինում զանգվածային սպանությունների և կոտորածների, այլատյացության քարոզչության, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ պայմանավորված խտրականության, մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման: «Սա հուշում է մեզ, որ այդպիսի հանցագործությունների դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել և անպայման խրախուսել այն մարդկանց, ովքեր անմիջական պայքար են մղում նման հանցագործությունների դեմ: Մենք շնորհակալ ենք ձեզ անձնապես՝ շնորհակալ ենք, որ դուք ձեր գործունեությամբ նպաստում եք համամարդկային այդ պայքարին»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ մեծագույն հարգանքի և հիացմունքի են արժանի ինչպես հանդիպման մասնակիցները, այնպես էլ «Ավրորա» մրցանակի բոլոր հավակնորդները, որոնց բոլորի պատմություններն էլ, որպես բացառիկ խիզախության և անձնազոհության օրինակներ, շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։


Զրույցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն ու Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, միջազգային արդի խնդիրների, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության ներկա մակարդակի և հարաբերությունների հեռանկարի շուրջ: Նախագահի նստավայրում հյուրընկալված փորձառու պետական և հասարակական-քաղաքական գործիչները կիսվել են նաև իրենց երկրներում տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների փորձով:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ