Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վալերի Պողոսյան. Դուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են

Վալերի Պողոսյան. Դուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են
29.05.2017 | 01:19

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը բաց նամակ է հղել օլիգարխներին.


«Սիրելի բարեկամ։ Անկեղծ ասած, երբ գրեցի «սիրելի», անմիջապես փոշմանեցի, քանզի ինձ համար դուք ոչ «սիրելի» եք, ոչ «հարգելի», ոչ էլ «մեծարգո», պարզապես քաղաքավարական կանոնները ստիպեցին թողնել այդ բառը: Վերջերս առիթ եղավ վերստին կարդալու իտալական Մեդիչիների գերդաստանի պատմությունը, ինչն էլ ստիպեց ձեզ դիմել: Այդ ընտանիքը իր ժամանակին եղել է Եվրոպայի ամենահարուստը, որը ֆինանսավորել է եվրոպական թագավորներին ու իշխաններին: Բայց այսօր Մեդիչիները մնացել են պատմության էջերում և հիշվում են ոչ թե իրենց հարստությամբ, այլ մշակութային ժառանգությամբ, որ թողել են Իտալիային ու ամբողջ Եվրոպային: Այսօր նրանք հարգանքով հիշվում են որպես «Վերածննդի կնքահայր»: Այսօր իտալացիները հպարտությամբ ամբողջ աշխարհին ցուցադրում են Ֆլորենցիան: Այդ նրանք են ի հայտ բերել և աշխարհին տվել Վերածննդի հանճարեղ ճարտարապետներին, նկարիչներին, քանդակագործներին (Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո և շատ ու շատ ուրիշներ): Մի այլ օրինակ: Պորտուգալիայում այսօր էլ մեծագույն հարգանքով են հիշում մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանին, բայց ոչ նրա հարստության համար, այլ այն հարուստ մշակութային ժառանգության համար, որ նա նվիրաբերեց Պորտուգալիային:
Եվ անցյալում, և այսօր նրա հիմնադրամի կրթաթոշակներով են ուսում ստացել բազմաթիվ ուսանողներ, որոնք դարձել են հանրահայտ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: Այս տողերը գրելիս ակամա հիշեցի Ալեքսադր. Մակեդոնացու անվան հետ առնչվող մի պատում, ըստ որի՝ նրան թաղելիս դագաղում Մակեդոնացու ձեռքերը եղել են դագաղից դուրս պարզած, այսինքն՝ նա դրանով ցանկացել է ի տես մարդկանց հայտնել, որ ինքը իր հետ ոչինչ չի տանում, այլ թողնում է իր գործը: Չերկարացնեմ, ուղղակի ուզում եմ հարցնել՝ իսկ դուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են: Ո՞Ւր են ձեր դավինչիները, միքելանջելոները:


Բայց հանգիստ թողնենք եվրոպացիներին, դառնանք ինքներս մեզ: 20-ական թթ. Ալեքսանդր Մյասնիկյանը Հայաստան հրավիրեց մի մեծ խումբ հայ մտավորականների, որոնք իրենց պարտքը համարեցին թողնել բարեկեցիկ կյանքը, գալ քանդված Հայաստան և շենացնել: Այդ նրանք էին, որ կյանքի կոչեցին Երևանի համալսարանը և գիտությունների ակադեմիան: Բայց դուք գիտե՞ք, թե ովքեր էին այդ մտավորականները և ինչպես էին դարձել նշանավոր գիտնականներ: Նրանք հիմնականում լինելով աղքատ ընտանիքների զավակներ՝ սովորել էին հայ մեծահարուստների կրթաթոշակներով:


Դա է պատճառը, որ մենք այսօր և սիրով, և հարգանքով ենք հիշում Մանթաշովին, Արամյաններին, Անանովներին և շատ ու շատ ուրիշների: Այդ նրանք էին, որ հայաշատ վայրերում կառուցում էին եկեղեցիներ, դպրոցներ, օրիորդաց վարժարաններ, մշակութային օջախներ, հիվանդանոցներ: Այդ նրանց հիմնած դպրոցներում էին սովորում մեր շատ հայտնի մտավորականներ, և այդ դպրոցները այդ երկրների լավագույն դպրոցներն էին:
Այդ նրանք էին, որ շենացրին Թիֆլիսն ու Բաքուն և շատ այլ քաղաքներ Կովկասում և այլուր: Նրանց բախտ չվիճակվեց շենացնել Հայաստանը. իսկ դուք, որ արժանացել եք այդ բախտին, չկարողացաք դրան արժանի լինել: Դուք նրանցից սովորեցիք միայն եկեղեցիներ կառուցել՝ մոռանալով, որ նրանք դա կատարում էին հայապահպանության նպատակով, իսկ դուք ձեր անունը անմահացնելու համար: Այնինչ այսօր հրատապ է մեր հազարամյա կիսաքանդ եկեղեցիները վերականգնելը: Դուք տառապում եք մի հյուծիչ փառամոլությամբ և ցուցամոլությամբ:


Դուք ցանկանում եք մյուսներից տարբերվել ամենաթանկ մեքենայով, ամենաշքեղ առանձնատնով, ամենաշատ թիկնապահներով, Ձեր կանանց շքեղ հագուստներով, Ձեր երեխաներին թիկնապահներով դպրոց ուղարկելով… Չթվարկեմ, դրանք շատ-շատ են: Բայց դուք չեք ուզում հպարտանալ ձեր զավակով, որ ծառայում է հայկական բանակում՝ ամենածանր և վտանգավոր դիրքերում: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Անգլիայի արքայազնը ծառայում Բրիտանական զինված ուժերում, այն էլ ամենածանր՝ ռազմածովային ուժերում՝ ռազմանավում, այսինքն՝ բոլորի աչքի առջև:


Պատկերացնո՞ւմ եք անգլիական լորդը կամ մի որևէ այլ ազնվական խուսափի իր զավակին բանակ ուղարկել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես հասարակությունը կընդունի այդ ազնվականին: Ձեզնից ոմանք կարող են ասել, որ իրենց զավակները ծառայել են բանակում, բայց ախր դուք էլ գիտեք, մյուսներն էլ գիտեն, թե ինչպես մի «ծակ» մտած և ինչ պայմաններում:
Ներիր, բարեկամս, դու հարստացար, բայց ազնվական այդպես էլ չդարձար: Այսօր մեր խանութները լեցուն են թուրքական ապրանքներով: Չէ՞ որ թուրքի շահույթը դառնում է մի փամփուշտ, որից այսօր զոհվում է հայ զինվորը:
Չէիք կարող մի քանի արտադրամաս կառուցել, որ այդ քոսոտ ապրանքը այստեղ արտադրվի: Մի թուրքի չափ է՞լ չկանք: Ժամանակը չէ՞, որ մենք արտադրենք այնպիսի ապրանք, որ վաճառվի Թուրքիայում և այլուր: Այսօր անընդհատ գլուխ ենք գովում, թե որքան աշխատանք է կատարվել մեր բանակը վերազինելու համար:
Բայց ո՞ւր էիք դուք ապրիլյան պատերազմից առաջ: Չգիտեի՞ք, որ բանակում շատ բան չկար: Եթե չգիտեիք, ամոթ ձեզ, իսկ եթե գիտեիք ու ոչինչ չձեռնարկեցիք, ավելի ամոթ ձեզ: Դուք մասնաբաժին ունե՞ք հարյուրից ավելի զոհերի հարցում: Միայն թե շատ եմ խնդրում, հանկարծ չասեք, թե դա ձեր գործը չէ: Չեմ ուզում շարունակել, թե ինչ մասնաբաժին ունեք գործազրկության, արտագաղթի, աղքատության և էլի շատ հարցերում: Ձեր ջանքերի շնորհիվ չէ՞ր, որ Հայաստանից խուսափում էր Քըրք Քրքորյանը, և էլի շատ սփյուռքահայ մեծահարուստներ են խուսափում:


Պարզապես, ուզում եմ հիշեցնել, որ դուք շատ եք սիրում, որ ձեզ հարգեն, գովեն, ձեր կատարած քայլերը ցույց տան հեռուստատեսությամբ, պարգևատրվեք մեդալներով ու շքանշաններով, ստանաք գիտական աստիճաններ ու կոչումներ, դառնաք պատգամավոր… մի խոսքով՝ հագեցնեք ձեր սնապարծությունը: Ինչո՞ւ եք ուզում, որ ձեզ ընկալեն որպես «բիրդան աղա» կամ քաջ Նազար, որն իր ամբողջ իշխանությունը ցուցադրելու համար կարող է միայն ասել՝ «գյադե՛ք, հիմա էլ դեսը կանգնեք»:
Հայերը և բուն Հայաստանում, և բոլոր գաղթօջախներում հայտնի են եղել իրենց օրինապաշտությամբ: Իսկ այսօ՞ր: Ժամանակը չէ՞ հասկանալու, որ օրինապաշտ լինելը լավագույն հպարտությունն է: Եթե առաջին միլիոնը ձեռք բերելու համար անօրինական ճանապարհը ամենալավն է, ապա հարստությունը պահպանելու և բազմապատկելու միջոցը օրինական բիզնեսն է: Չե՞ք կարծում, որ Արցախի հիմնախնդիրը լուծելու լավագույն միջոցը Հայաստանում և Արցախում սահմանադրությամբ ապրելն է:


ՈՒզում եմ ձեզ մի խորհուրդ տալ: Ժամանակին թագավորները իրենց ստվերում միշտ պահում էին մեկին (մոտավորապես այնպես, ինչպես Մելիք-Շահնազարը՝ Պըլը Պուղուն), ով բացառիկ իրավունք ուներ թագավորին ասելու նրա արատները: Հետևեք այդ օրինակին, թե չէ կարող եք հայտնվել անդուր վիճակում: Ժամանակն է ուշքի գալ: Որքան արագ բուժվեք ցուցամոլությունից, այնքան լավ ձեզ համար:


Եղբայրաբար՝ Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ
P.S «Եղբայրաբար» բառը գրեցի անկեղծորեն և հուսով եմ, որ հետագայում չեմ փոշմանի»

Դիտվել է՝ 2885

Մեկնաբանություններ