Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը
28.05.2017 | 16:36

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության տոնի առթիվ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:


Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը, հարգանքի տուրք ենք մատուցում մայիսյան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցությունը բերած և հաղթանակի հասած մեր ազգի հերոս զավակներին և ոգեկոչում նրանց անմահ հիշատակը: Այս տոնակատարությունները մեզ հիշեցնում են հայկական զորամիավորումների և մարտի դաշտ դուրս ելած ժողովրդի հերոսական ոգին, հայրենիքը պաշտպանելու միասնական կամքը:


Գևորգ Ե Հայրապետի վեհապանծ և ոգևորիչ խոսքով քաջալերված և հաղթանակի անսպառ հույսը շաղախած Սուրբ Էջմիածնի աստվածականչ զանգերի թնդյուններին՝ հայ զորականները, հոգևորականներն ու աշխարհականները իրենց պայքարը պսակեցին հաղթանակներով, որոնց պտուղը եղավ առաջին Հանրապետության հռչակումը:
Սիրելիներ, մենք ժառանգորդներն ենք այդ հաղթական ճակատամարտերին մասնակից հերոսների, ներկայիս Հանրապետությունը ժառանգությունն է այդ քաջ մարտիկների հայրենանվեր գործերի: Այս ամենը մեզ մղում է անցյալի փորձառությամբ պարտավորեցնող միասնականության, նախանձախնդրության ու նվիրումի՝ զորացնելու ու շենացնելու մեր երկիրը և կերտելու խաղաղ կյանքը մեր ժողովրդի:


Աղոթում ենք, որ Ամենազոր Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց՝ արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ