Տարբեր ոլորտներում ԵԱՀԿ-ի գործունեությանը Հայաստանի մասնակցությունը կարելի է օրինակելի անվանել՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ այցը տեղի է ունենում, երբ կազմակերպությունը ստիպված է փակել տարածաշրջանում վերջին գրասենյակը։ Պատճառը Ադրբեջանի՝ վետոյի իրավունքը չարաշահելն է, որի հետևանքով բյուջեն չի հաստատվել և գրասենյակը դադարել է գոյություն ունենալ։ Նախարարը վստահ է, որ իրականում դա վերաբերում է Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի հարաբերություններին և կազմակերպության դեմ դեմարշ է։ Նախարարը նշել է, որ և քարտուղարությունը, և անդամ երկրները հանգել են համապատասխան եզրակացությունների։
ԱԳՆ ղեկավարը նաև հաղորդել է, որ երկկողմանի և ընդլայնված կազմով հանդիպումներ, կազմակերպության գործունեության և հեռանկարների վերաբերյալ կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ներկայացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը, նաև այն, որ Ադրբեջանը չի ցանկանում կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կնքված համաձայնագրերը։
«Պարոն Զանիերի հետ 6 տարվա աշխատանքի ընթացքում աշխատանքային և բարեկամական ամուր հարաբերություններ են ձևավորվել։ Ըստ երևույթին, իր ներկա կարգավիճակում սա նրա վերջին այցն է, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։