Հինգ ռուսաստանցի դիվանագետները Մոլդովայից արտաքսվել են հատուկ ծառայությունների տեղեկատվության հիման վրա՝ հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը: «Այդ որոշումն ընդունվել է հատուկ ծառայություններից համապատասխան տեղեկություններ ստանալուց հետո: Դա սովորական գործընթաց է: Այս պահին այլ մեկնաբանություններ չեն լինի»,- Քիշնևում ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆիլիպը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոստացել էր «կոշտ արձագանքել» դիվանագետներին արտաքսելու Քիշնևի որոշմանը:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Մոսկվային կոչ է անում Քիշնևում Ռուսաստանի դեսպանության հինգ աշխատակիցների արտաքսմանն ի պատասխան հապճեպ քայլերի չդիմել: Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին հանդես եկող Դոդոնի համոզմամբ՝ Մոլդովայի եվրոպամետ կառավարության անդամները դիվանագետների արտաքսման որոշումը կայացրել են երկկողմ հարաբերություններում արհեստական ճգնաժամ առաջացնելու նպատակով: «Իմ համոզմամբ՝ Մոլդովայի կառավարության և խորհրդարանական մեծամասնության այս գործողությունները ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության դեմ ուղղված սադրանք էին: Նրանք լրջորեն մտահոգված են, որ իմ ընտրությունից հետո անցած վեց ամիսներին Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական դինամիկա է արձանագրվել»՝ ասել է Դոդոնը և հորդորել. «Հույզերին մի տրվեք և Մոլդովայի կառավարության այս սադրիչ քայլերի հետևանքով հապճեպ որոշումներ մի կայացրեք: Եթե դուք ներգաղթյալների մուտքը կամ մոլդովական արտադրանքի ներկրումը սահմանափակելու մասին որոշում կայացնեք, դա ծանր հարված կլինի ոչ թե իշխող դեմոկրատական կուսակցության կամ դրա արտերկրյա համակարգողների, այլ Մոլդովայի հարյուր հազարավոր քաղաքացիների համար»:
Մոլդովայի նախագահն ու կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն: Իգոր Դոդոնը 2016-ի տարեվերջին նախագահական ընտրություններում հաղթեց Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման կարգախոսի ներքո: Կոալիցիոն կառավարությունը ձևավորվել է աջ ազատական կուսակցություններից, որոնց օրակարգային գլխավոր հարցը Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն է: Նախագահ Դոդոնի հետ լարված հարաբերություններ ունեցող վարչապետ Պավել Ֆիլիպը պնդում է, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը Մոսկվայի հետ հարաբերությունների կանխամտածված վատթարացման նպատակ չի հետապնդել: «Դիվանագետները մեր երկրի տարածքում անցանկալի անձ են ճանաչվել` հիմնվելով հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկատվության վրա: Պատճառները, որոնք մատնանշել են հատուկ ծառայությունները, ես այս պահին գաղտնազերծել չեմ կարող»,- հայտարարում էր Մոլդովայի վարչապետը: