ԵԽԽՎ-ն հրապարակել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի պաշտոնական զեկույցը՝ հաղորդում է Deutsche Welle-ն: Զեկույցում նշվել է, որ արտակարգ դրության պայմաններում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ սահմանափակվել են հիմնարար ազատությունները: Ռազմական հեղաշրջման փորձից հետո հազարավոր մարդկանց աշխատանքից հեռացնելը կամ ձերբակալելը բացասական է ազդել երկրում քաղաքական մթնոլորտի վրա: ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ հանրաքվեին նախորդած քարոզարշավն իրականացվել է ուժերի անհավասարակշռության պայմաններում: Պետական TRT հեռուստաընկերությունը լուսաբանումների ժամանակ ակնհայտ նախապատվություն է տվել իշխող կուսակցությանն ու նախագահ Էրդողանին: Լրատվամիջոցներն ավելի շատ լուսաբանել են «այո»-ի քարոզարշավը:
Զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից քվեների հաշվարկման ժամանակ անկնիք քվեները ևս վավեր ճանաչելու որոշմանը՝ կատարվածն անօրինական ճանաչելով: ԵԽԽՎ-ն փաստել է, որ կատարվածը խախտել է շատ կարևոր օրենքի երաշխիքը: