ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ դաշինքի հաջորդ տարվա ամառային գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու առաջարկը՝ հաղորդում է գերմանական WELT-ը: Ըստ պարբերականի, թուրքական հրավերը արգելափակել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան և Դանիան, համաձայնել են նաև կառույցի անդամ 18 եվրոպական երկրներն ու Կանադան:
«Մենք չենք ուզում ամրապնդել Թուրքիայի դերը միջազգային ասպարեզում, նաև չենք ուզում տպավորություն ստեղծվի, թե Հյուսիսատլանտյան դաշինքը սատարում է Էրդողանի ներքին քաղաքականությունը»,- պարբերականին ասել են ՆԱՏՕ-ի պաշտոնյաները: Ակնկալվում է, որ հաջորդ երկուշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կմեկնի Ադանա՝ վիճահարույց հարցը քննարկելու: Մինչ այդ, պաշտոնական աղբյուրները հրապարակավ չեն հաստատում, բայց և չեն հերքում, որ դաշինքի առաջատար երկրները մերժել են Թուրքիայի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցում: «Մյուս կողմից, ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, բնականոն հարց է ծագում՝ արդյոք ճիշտ ուղերձ կլինի, եթե Թուրքիան այդ գագաթնաժողովը հյուրընկալի»,- Deutsche Welle-ին ասել է ռազմական գծով փորձագետ Ռայկ Հահնլեինը: