ԱՄՆ նախագահի 2016-ի ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր հանրապետական մրցակից, այժմ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի աշխատակիցներն ուղղորդել են Ռուսաստանին՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու համար: Նախագահի նախկին թեկնածուի պնդմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը ցանկացել է ապատեղեկատվություն տարածել իր մասին, սակայն չի իմացել, թե ինչպես «զինել» այդ տեղեկությունը, քանի դեռ չի ուղղորդվել:
«Մենք ավելի շատ տեղեկատվություն ենք ստանում Թրամփի քարոզարշավի և ռուսական ներգրավվածության մասին»,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, թե հնարավոր է՝ շուտով հայտնի դառնան այդ մարդու կամ մարդկանց անունները:
Թրամփը թվիթերյան իր էջում պատասխանել է Քլինթոնին. «Անազնիվ Հիլարի Քլինթոնը հիմա էլ մեղադրում է բոլորին՝ բացի իրենից, հրաժարվելով ընդունել, որ անտանելի թեկնածու է եղել»: